Ակնհայտ է, որ տեղական ինքնակառավարման մարմինների /ՏԻՄ/ կողմից կատարվող ներդրումները չափազանց կարևոր են շատ ու շատ համայնքների տնտեսական զարգացման համար: Այդ ներդրումները կարող են իրականացվել տարբեր ձևաչափերով: Դա կարող է տեղի ունենալ, երբ պետական կառույցները /ՏԻՄ, դպրոց, մանկապարտեզ, բուժ. կենտրոն և այլն/ աշխատանքի են վերցնում միայն տվյալ համայնքի բնակիչներին կամ բոլոր տեսակի աշխատանքները կատարվում են տեղի բնակիչների կողմից, կամ դպրոցի ու մանկապարտեզի հանրային սննդի տրամադրման ծառայությունները մատուցվում են տեղական կազմակերպությունների կողմից: Սա շատ լավ աշխատող մեթոդ է, երբ համայնքն իր սահմանափակ բյուջեի գումարները հնարավորինս փորձում է համայնքում ներդնել՝ ապահովելով համայնքային տնտեսության զարգացումը: Կարևորագույն հարցը, որ պետք է տրվի դա արդյոք տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց բյուջետային միջոցները ներդնում են համայնքում, թե՝ ոչ:

Ցավոք սրտի պետք է փաստենք, որ քիչ եկամուտ ունեցող համայնքներում, հիմնականում ՏԻՄ-երի բյուջետային ծախսերը չեն մնում համայնքներում ներդրումների տեսքով: Սրա խորքային պատճառն այն է, որ բյուջետային ծախսերը հիմնականում գնում են այն անհատներին ու բիզնեսներին, որոնք տվյալ համայնքից չեն: Դա հիմնականում վերաբերվում է առողջապահական, գյուղատնտեսական, առևտրի և սոցիալական ոլորտներին, որոնք հիմնականում մատուցվում են համայնքից դուրս և այլ համայնքների բնակիչների կողմից: Այլ կերպ ասած համայնքի ֆինանսական ռեսուրսները ծախսվում են համայնքի համար, սակայն համայնքից դուրս: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է, որ ՏԻՄ-երն իրենց աշխատանքային մոտեցումը մի փոքր փոխեն և ուրիշ հիմքի վրա դնեն: Երբ ասում եմ ուրիշ հիմք, ի նկատի ունեմ, որ անհրաժեշտ է ապահովել հավասարակշռություն համայնքային բյուջետային միջոցների ստացողների և նրանց միջև, ովքեր որ ստանում են մատուցվող ծառայությունները: Այս մեխանիզմը հստակորեն ցույց կտա, թե ՏԻՄ-ի կողմից համայնքի բնակիչներին ուղղված ծախսերի քանի տոկոսն է համայնքի բնակիչներին նաև զբաղվածություն ապահովում կամ գնումների որ մասն է կատարվում տեղական բիզնեսներից:

Եթե վերլուծության արդյունքում պարզ դառնա, որ համայնքային բյուջեի գերակշիռ մասը ներդրվում է համայնքային տնտեսության մեջ, դա հիմք կտա ՏԻՄ ներկայացուցիչներին նվազեցնել սոցիալական աջակցության ծախսերը, քանի որ համայնքի բնակիչների եկամուտները կավելանան: Կարևոր է նշել, որ նույն ձևով էլ խնայված միջոցները կրկին անհրաժեշտ է հնարավորինս ներդնել համայնքում: